Y Logo
Որակյալ բուժսպասարկում մարզային հիվանդանոցում

Որակյալ բուժսպասարկում մարզային հիվանդանոցում

Մարզերում գտնվող հիվանդանոցները որոշ դեպքերում անգամ նյութատեխնիկական անհրաժեշտ հագեցվածության պայմաններում չունեն համապատասխան բժշկական կադրեր, աշխատող բժիշկներն էլ հաճախ որակավորման ու վերապատրաստման կարիք ունեն:

Խնդիրը քիչ թե շատ լուծված է Շիրակի մարզում: Երկրաշարժից հետո այստեղ կառուցվեցին մի քանի բժշկական կենտրոններ, որոնք համալրվեցին ժամանակակից բժշկական սարքավորումներով ու անհրաժեշտ կադրերով:  Այդ կենտրոնները ստանձնեցին աղետի գոտու բնակչության բուժսպասարկման առաքելությունը: Դրանցից մեկն էլ Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցն է, որը տարիներ շարունակ սպասարկել է ոչ միայն Շիրակի, այլև հարակից մարզերի և Ջավախքի ու Ռուսաստանի մեր հայրենակիցներին, ընդ որում` երկար ժամանակ բարեգործական հիմունքներով: Մեր զրուցակիցը  «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցի բուժական մասի փոխտնօրեն, օտորինոլարինգոլոգ և պլաստիկ վիրաբույժ Տիգրան Մինասի Տոնականյանն է: 

 -Հայտնի է, որ մարզում գտնվող հիվանդանոցները սովորաբար ունենում են նյութատեխնիկական և կադրային հագեցվածության խնդիրներ: Ինչպե՞ս է այդ խնդիրը լուծվում Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում:

-Գյումրուց 30 կմ հեռավորության վրա գտնվող մեր հիվանդանոցը  կառուցվել է երկրաշարժից հետո` 1991 թ.: Նախագծվել է և ֆինանսավորվել Հռոմի պապի` Հովհաննես Պողոս 2-րդի կողմից: Ի սկզբանե հիվանդանոցի նյութատեխնիկական բազան արդիական ու եվրոպական չափանիշներին համապատասխան է եղել: Բացի այդ այստեղ հիմնականում աշխատում են Երևանից, Գյումրուց, Ջավախքից Աշոցք տեղափոխված մասնագետներ, որոնք ունեն բարձր որակավորում իտալական բժշկական կենտրոնների հետ ունեցած մշտական համագործակցության շնորհիվ: Փորձի փոխանակման ու վերապատրաստման ծրագրերը Իտալիայում ու Հայաստանում իրականացնում ենք հիվանդանոցի բացման օրվանից: «Տիրամայր Նարեկիե  հիվանդանոցն առաջինն էր Երևանից դուրս, որ 15 տարի առաջ սկսեց լապարասկոպիկ վիրահատություններ կատարել: Ընդհանրապես Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում բարձր մակարդակով կատարվում են վիրաբուժական բոլոր տեսակի վիրահատությունները` հատկապես որովայնային, նաև  մանկաբարձագինեկոլոգիական, քիթ-կոկորդի, անգամ քթի և ականջի պլաստիկ վիրահատությունները: 

-Հիվանդանոցը սպասարկում է միայն Շիրակի՞ մարզի բնակչությանը:

 -Իհարկե ոչ: 100 մահճակալանոց հիվանդանոցը գտնվում է Հայաստան-Վրաստան սահմանին շատ մոտ` տարածքային առումով շատ կարևոր տեղում. հարակից է Ջավախքին, որտեղ ապրում են 80 000-ից ավելի հայեր: Քանի որ այս սահմանամերձ բնակավայրերը հեռու են վրացական բժշկական կենտրոններից, տեղի հայերը հիմնականում դիմում են մեզ: Գյումրու բժշկական կենտրոնը ու Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցը կոտրել են կարծրատիպը, թե մարզերում չեն վստահում տեղի բժշկական հաստատություններին, ձգտում են բուժվել մայրաքաղաքում: Մարզի բնակիչները, նաև հարակից մարզերի բնակիչները գալիս են բուժվելու մեզ մոտ, քանի որ ոչ միայն ավելի մատչելի է (վերջին տարիներին հիվանդանոցը ֆինանսական դժվարությունների պատճառով անցել է վճարովի բուժման համակարգին` բավական մատչելի գներով), այլ նաև կան անհրաժեշտ որակավորում ունեցող բարձրակարգ մասնագետներ։

-Ի՞նչ առավելություններ է տալիս Իտալիայի հետ համագործակցությունը: 

-Առաջին հերթին այն ընձեռում է եվրոպական բժշկական փորձին ինտեգրվելու հնարավորություն: 1991թ.` երբ  Հայաստանը դեռ ԽՄ մաս էր կազմում, մեր անձնակազմը արդեն ծանոթանում էր եվրոպական ստանդարտներին, սարքավորումներին ու տեխնոլոգիաներին: Հետագայում այդ շփումներն ավելի ինտենսիվ դարձան: Այս տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ կոնֆերանսների և վերապատրաստումներ անցել Իտալիայում: Դրանց շնորհիվ մասնագիտացել եմ նաև քթի և ականջի պլաստիկ վիրաբուժության մեջ:  Ի դեպ, Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոց քթի և ականջի ձևի շտկման համար դիմում են ոչ միայն հայաստանաբնակ և ջավախաբնակ հայերը, այլև Ռուսաստանում և այլ օտար երկրներում ապրող մեր հայրենակիցները, ովքեր, իմանալով մեր փորձի մասին, գալիս ու վիրահատվում են հենց մեր հիվանդանոցում:  Իսկ հեռու ապրող հիվանդների հետ խորհրդատվությունը կատարում ենք համացանցով: Նրանց ուղարկած լուսանկարներով մոդելավորում ենք ապագա տեսքը, պացիենտը մի քանի տարբերակից ընտրում է մեկը, նշանակվում է վիրահատության օրը: 

-Մի՞թե մարզում էլ է մեծացել պլաստիկ վիրահատությունների պահանջարկը: 

-Հատկապես վերջին տարիների՝ այո: Եթե նախկինում հիմնականում աղջիկներն էին վիրահատում, հիմա գրեթե 50-50 տոկոսային հարաբերություն է: Դիմում են նաև տղամարդիկ` ինչպես միջնապատի ծռության, այնպես էլ արտաքին ձևի շտկման համար: 

-Դուք միայն Աշոցքում չէ, որ աշխատում եք: Դժվար չէ՞ համատեղել աշխատանքը Երևանում և Աշոցքում:  

-Դժվար է, իհարկե: Արդեն մոտ 15 տարի է, ինչ համատեղ աշխատում եմ թե՛ Երևանում ու թե՛ Աշոցքում: Ամսվա առաջին կեսը լինում եմ «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում, իսկ մնացած կեսը Երևանի  «Նյու-մեդե կլինիկայում (նախկին Ուրոլոգիայի կենտրոնում): Չպետք է անտեսել մարզերը: Յուրաքանչյուր բժիշկ իր գործունեության որոշակի հատվածը պետք է նվիրի մարզային բուժօգնությանը` գիտակցելով իր իրական կոչումն ու առաքելությունը կյանքում` նվիրել առողջություն և կյանք:

 

 

«Երևակ» . «Առողջապահական համակարգ»

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4